Աշխարհում ամեն ինչ հնարավոր է կեղծել. բայց ոչ մարդու ձայնը: Կասեք` մատնահետքերն էլ չեն կեղծվում: Գուցե: Ձայնը հոգու մատնահետքն է, որ չի կրկնվում ու պատճենում է մարդու էությունն ու հոգեվիճակը: Ձայնի տատանումների մեջ այնքան պատմություն կա, որ ոչ մի գիրք չի պատմի, թեկուզ 1000 տարի գրվի։ Եվ այն ամենը, որ հետո հայտնվում է բառերի մեջ, իսկ ավելի հաճախ չի էլ հայտնվում, ապրում է ձայնի տատանումներում` ընդդեմ լռության, ու` խելագարության աղմուկի մեջ։ Սեփական ձայնը լսելը ամենադժվարն է։
Անցած շաբաթ շատ էր աղմուկը աշխարհում։
Հեռացավ 2005-ից Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին` անկախության հանրաքվեից մեկ ամիս հետո։ Նրա լիազորությունների ժամկետը լրացավ։ Հրաժեշտից առաջ Բարզանին առաջարկեց իշխանության բարեփոխում իրականացնել։ Ծրագրով նախատեսվում է նախագահական լիազորությունների բաժանում կառավարության, խորհրդարանի ու դատական համակարգի միջև։ Իրաքի Քրդստանում պետք է նախագահական ընտրություններ անցկացվեին, սակայն անցյալ շաբաթ անորոշ ժամանակով հետաձգվեցին` իրավիճակի կտրուկ սրման պատճառով։ Մասուդ Բարզանին Քիրկուկից քրդական աշխարհազորի դուրսբերումն ու քաղաքի հանձնումը դաշնային կառավարության ուժերին անվանեց «մեծ դավաճանություն»: Անկախության հանրաքվեից հետո իր առաջին հեռուստաուղերձում նա ասաց. «Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Քիրկուկում, թիկունքից հարված է։ Դավաճանության պատճառով քաղաքի պաշտպանության մեր պլանը խափանվել է»։ Նրա համար անակնկալ էր, որ նրանք, ում ԱՄՆ-ում համարում են ահաբեկիչ, կիրառել են «Աբրամս» տանկեր և ԱՄՆ-ում արտադրված զենք՝ Քիրկուկի և քրդական շրջանների վրա հարձակման ժամանակ։ Կլինե՞ն և ե՞րբ ընտրություններ Իրաքյան Քրդստանում, կպահպանվի՞ ինքնավարությունը և ի՞նչ սահմաններում: Բարզանին հեռացավ, իսկ ո՞վ կգա իշխանության, քաղաքացիական պատերազմի պայմաններում ո՞ր կուսակցությունն է պատրաստ պատասխանատվություն ստանձնել: Աղմուկը շատ է, իսկ ձայն չկա։
Բարսելոնը ևս հայտնվեց երկիմաստ վիճակում` ժեներալիտետի նախագահ Կառլես Պուչդեմոնը հոկտեմբերի 27-ին հայտարարեց անկախություն, մի քանի ժամ անց Մադրիդը նրան պաշտոնանկեց և շրջանի ղեկավար նշանակեց Իսպանիայի փոխվարչապետ Սորայե Սաենս դե Սանտամարիային: Պաշտոնանկված Կառլես Պուչդեմոնը հայտարարեց «ժողովրդավարական դիմադրության» սկզբի մասին և հրաժարվեց իշխանությունը փոխանցել՝ նշելով, որ «ժողովրդավարական հասարակությունում միայն խորհրդարաններն են նշանակում կամ հեռացնում նախագահներին», բայց դա արդեն դառնում է նրա անձնական գործը։ Կիրակի օրը Բարսելոնում հանրահավաք էին անում Իսպանիայի կազմում մնալու կողմնակիցները, և նրանք ավելի համառ են անկախության կողմնակիցներից։
Պուչդեմոնն ասում էր, որ Կատալոնիան իր պատմության նոր փուլ է մտնում, և այդ ճանապարհին «մենք պետք է պահպանենք հանգստությունը, համառությունը և հեռանկարի տեսլականը»: Գուցե, բայց դա արդեն այլ ժամանակների պատմություն կդառնա: Մադրիդը կիրառեց Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը` Եվրամիության պաշտպանության տակ։ Խնդիրը հիմա դառնում են ընտրությունները, որոնց ինտրիգը Կատալոնիայի անկախության կողմնակից կուսակցությունների մասնակցության հարցն է և, իհարկե, շրջանի ինքնավարության ընդլայնումը: Փորձագետները առաջարկում էին խնդրի հիմնարար լուծման տարբերակ` Իսպանիայի Սահմանադրության փոփոխություն և անցում դաշնային պետության տարբերակի, բայց դա ևս թվում է հեռավոր ապագայի հարց։
«Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը»,- հայտարարեց Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն` Կատալոնիայի անկախության հռչակումից հետո մեկնաբանությունում շեշտելով, որ «ՄԱԿ-ի մի շարք հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ միջազգային հանրությունը հանձնառություն է ստանձնել՝ խրախուսել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը և հարգել այդ իրավունքը»։
«Կարևոր ենք համարում, որ Բարսելոնի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով: Անհրաժեշտ է հիշեցնել, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվի կողմից քաղաքական հարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեցին ռազմական հարթություն», - համոզված են Արցախում: Ճիշտ հակառակ հայտարարությունն արեց Ադրբեջանի ԱԳՆ-ն: Ադրբեջանն աջակցում է Իսպանիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններով` հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը: Ադրբեջանը կողմ է իրավիճակի խաղաղ կարգավորմանը՝ Իսպանիայի Սահմանադրության և օրենքների հիման վրա: Տեսնու՞մ եք` ինչպես են Իսպանիայում բախվում տարածքային ամբողջականության և ազգի ինքնորոշման սկզբունքները` առանց ընկալումների մեջ սկզբունքային փոփոխությունների: Աշխարհը դեռ պատրաստ չէ ընդունել իրականությունը։
Սկզբունքային փոփոխությունների հույսը կորցրել է և Ալմազբեկ Ատամբաևը։
Անցած շաբաթ նա հայտարարեց, թե Ղազախստանի հետ սահմանին շարունակվող «իրադարձությունները ցույց տվեցին, որ տնտեսական զարգացման հարցերում չարժե ինքներս մեզ խաբենք և մեծ հույսեր կապենք ԵԱՏՄ-ի հետ: Չի կարող հուսալի լինել մի միություն, որը կախված է մեկ անձի քմահաճույքներից, եթե նույնիսկ այդ մարդը աշխարհի ամենահզոր մարդն է»։ 12 պետությունների նորանշանակ դեսպանների հավատարմագրերն ընդունելիս նա նաև տեղեկացրեց, որ կառավարությանը հանձնարարելու է գյուղմթերքների այլընտրանքային շուկաներ գտնել: Իսկ դրանից առաջ հրամանագիր էր ստորագրել Հոկտեմբերյան հեղափոխության օրը Նախնիների պատմության և հիշատակի օր անվանափոխելու մասին: «Ժողովրդի ազատության ձգտումը 1916-ի իրադարձությունների հիմնական շարժիչ ուժն է եղել: Ցարական դահիճների կողմից ապստամբության դաժան ճնշումը, խաղաղ բնակիչների հանդեպ արյունոտ հաշվեհարդարի և օտարության մեջ նրանց հարկադիր փախուստի մեծաթիվ դեպքերը Ղրղզստանի ժողովրդին դրել են գոյատևման եզրին»,- նշված է որոշման մեջ։ Ի պատասխան` ՌԴ Պետդումայի փոխնախագահ Իգոր Լեբեդևը հայտարարեց` առաջարկելու է փոփոխություններ օրենքում, որ Ղրղզստանի քաղաքացիներին արգելվի Ռուսաստանում աշխատել ազգային վարորդական իրավունքներով: Ռուսաստանը ղրղզներին թույլ է տվել աշխատել ազգային վարորդական իրավունքով քաղաքական նկատառումներով` Ղրղզստանում ռուսաց լեզուն պաշտոնական կարգավիճակ ունի: «Այժմ մենք տեսնում ենք, որ ղրղզները ազգային տոն են դարձրել Ռուսաստանի դեմ Ղրղզստանի ապստամբության օրը: Մենք համարում ենք դա մեր երկրի հանդեպ ծայրահեղ ոչբարեկամական քայլ: Այժմ թող ղրղզները քննություն հանձնեն և ռուսական նմուշի վարորդական վկայական ստանան»,- ասել է Իգոր Լեբեդևը։ Ձեզ ոչի՞նչ չի հիշեցնում նրա սպառնալիքը: Հակառակ, որ Երևանում ԵԱՏՄ վարչապետները որոշել են հարցին սկզբունքային լուծում տալ` նույնականացնելով վարորդական իրավունքի պահանջները։ Փաստացի ԵԱՏՄ-ի ներսում սահման է փակվում և կառույցը չի միջամտում։ Այսինքն` օրինաչափ է, որ Նազարբաևը ցանկանում է Ղրղզստանում նախագահ նշանակել, որ Ատամբաևը նրան անվանում է կոռուպցիոներ, որ Ղրղզստանի խորհրդարանը չեղարկում է Ղազախստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման համաձայնագիրը` հրաժարվելով 100 միլիոն դոլարից, որ Աստանան Բիշքեկին մեղադրում է Չինաստանի հետ մաքսանենգ առևտրի և առևտրաշրջանառության իրական ծավալները թաքցնելու մեջ, որը մաքսատուրքի վճարման թվերն է նվազեցնում: Օրինաչափ է, որ Ատամբաևը հրապարակավ հայտարարում է, որ առանց այդ էլ երկրում ԵԱՏՄ-ին անդամակցելուն շատերն էին դեմ ու հիմա պարզվում է` ճիշտը նրանք էին: Իսկ Մոսկվան չի խառնվում` գուցե սպասում է, որ նոր նախագահը ավելի կառավարելի կլինի ու հարցն ինքնին կլուծվի հօգուտ Նուրսուլթան Նազարբաևի։ Դա էլ է տարբերակ, բայց Չինաստանի հարցը մնում է` ԵԱՏՄ-ի անդամակցության պատճառով Ղրղզստանը կորցնում է Պեկինի հետ արտոնյալ առևտրի հնարավորությունը, իսկ դա հարված է պետության ու քաղաքացու գրպանին, փոխարենը ներմուծման կամ սպառման նոր շուկաներ չստանալով։ ԵԱՏՄ-ն պատմական հակասությունների բերումով` խնդրահարույց միություն է ի սկզբանե: Բիշքեկը հակասությունները բարձրաձայնում է, Երևանը չնկատելու է տալիս, որ իր առաջարկները անտեսվում են` օրինակ Իրանի ու Չինաստանի ուղղություններով, որովհետև Ռուսաստանին, Բելառուսին ու Ղազախստանին Իրանն ու Չինաստանը պետք են անմիջական հաղորդակցության, այլ ոչ Հայաստանով միջնորդավորված շփումների համար։ Որովհետև Ադրբեջանն ավելի է պետք իրենց, քան Հայաստանը։ Այդպիսին է համագործակցության ընկալումը ԵԱՏՄ-ում: Այստեղ նույնիսկ աղմուկ չկա, խլացնող լռություն է, որտեղ ոչ ոք ձայն չի հանում: Իսկ եթե հանում է` մտքում։ Բացառությամբ, թերևս, հեռացող Ալմազբեկ Ատամբաևի:
Ամեն ինչ չի ասվում և Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրման մասին: Անցած շաբաթ հայտարարվեց, որ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել, հետո հերքվեց։ Ոչ հետաձգումն էր հասկանալի, ոչ հերքումը։
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը ի վերջո հաստատեց, որ նոյեմբերի 24-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության ԵՄ-ՀՀ համաձայնագիրը կստորագրվի։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Հայաստանը ամենաբարձր մակարդակով հայտարարել է` ծրագրում է նոյեմբերի 24-ին Բրյուսելի գագաթնաժողովում ստորագրել համաձայնագիրը, բայց և նշեց, որ ինքը չէ այն պաշտոնյան, ով կարող է ասել՝ կստորագրվի՞, թե՞ կհետաձգվի, ու հավելեց` համաձայնագրում Հայաստանի համար խնդրահարույց կետեր չկան, եթե լինեին, Հայաստանը չէր նախաստորագրի: ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի բանակցությունները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ` ասել է Յոհանես Հանը։ «Բանակցությունները շարունակվում են, որոշ ժամանակ է պետք՝ պարզելու, թե որ ոլորտները կընդգրկի համաձայնագիրը։ Վստահ եմ, որ համաձայնությունը ձեռք կբերվի առաջիկա ամիսներին»,- ասել է նա։ Դատելով Արևմուտքի` Ադրբեջանին ներկայացվող մեղադրանքներից, համաձայնությունը «առաջիկա ամիսների» հարց չէ միայն, եթե Բրյուսելը հետևողական լինի իր տեսակետների մեջ: Ստացվում է, որ միջազգային կառույցներին Հայաստանի ու Ադրբեջանի համաժամանակյա անդամակցության ավանդույթը կարող է խախտվել` Հայաստանը առաջ կանցնի: Բաքուն փորձելու է թույլ չտալ դա իր զինանոցի բոլոր միջոցներով, դա առավելություն է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու անվտանգության առումով: Նաև` վարկի ու հեղինակության։ ՈՒ այստեղ բնական դաշնակից է Ռուսաստանը: Հիմա պատկերացնու՞մ եք խարդավանքների լաբիրինթոսը, որտեղ ԵՄ 28 պետություններն են: Եվ Հայաստանը, որ 2013-ին արդեն «ոչ» է ասել ԵՄ-ին, իսկ 2017-ին պատրաստվում է Վիլնյուսով փոխարինել Բրյուսելը։ Վաղվանից անաղմուկ սկսվում է նոյեմբերի 24-ի հետհաշվարկը։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Շաբաթվա պայծառատեսը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էր. նա հայտարարեց, որ համաձայն չէ Սերժ Սարգսյանի «զգույշ նշաձողին, որ 2040-ին պետք է հասնել բնակչության 4 միլիոն թվի: Պետք է խնդիր դնել 5-6 միլիոնը»։ Իսկապես` միլիոն այս կողմ, միլիոն այն կողմ, ի՞նչ տարբերություն։ Ինչ-ինչ` հումորի զգացումը առաջին վարչապետը չի կորցրել։ Եվ ոչ միայն հումորի` ազգային անվտանգության, երբ համեմատում ես, թե 2040-ին որքան կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի բնակչությունը։